«Շուտ մեռնել, թե ոչ, կարևոր չէ, պատվով, թե անպատիվ, դա է էականը»
10.03.2020 | 01:34
1995 թ. Վազգեն Սարգսյանը կրկին ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Շարունակեցինք միասին աշխատել: Անձնակազմի գծով տեղակալը Աստվածատուր Պետրոսյանն էր: Մոտավորապես 6000 սպաների գործեր էին կուտակվել նախարարության 3-րդ հարկի իմ աշխատասենյակում, որտեղ սկսեցի աշխատել (հետո այս սենյակը հատկացվեց պաշտպանության նախարարին): Սպաներին կանչում էինք, պարզում՝ ով ինչ կարող է անել և ըստ այդմ՝ որոշում տվյալ անձի անելիքը: Անշուշտ, Վազգենի հետ համատեղ աշխատանքում եղել են դժվար, չհասկացված պահեր: Մինչև 1997 թ. կադրերի վարչության պետն էի: Մի խորհրդակցության ժամանակ Վազգենը դժգոհություն հայտնեց իմ աշխատանքից: Շատ ազդվեցի, ազատման դիմում գրեցի՝ ուղղակի նշելով. «Չեմ կարող Ձեզ հետ աշխատել»: Դիմումս մակագրեց Վահան Շիրխանյանին. «Վերցնել կադրերի տրամադրության տակ»: Որոշ ժամանակ անց մի կիրակի օր Հակոբը եկավ և ասաց. «Շեֆը քեզ կանչում է»: Հորդորեց, որ գնամ: Գնացինք: Վազգենը երկրորդ հարկում էր նստում: Ներս մտա: Ասաց.
-Պարոն Միրզոյան, ի՞նչ միտումնավոր վատ քայլ եք արել:
Զգալով այլայլվելս՝ հստակեցրեց ասելիքը.
-Ինչու՞ եք Աբրահամյանի գործը կարճել:
Ավիացիայի վարչության պետը գնդապետ Աբրահամյանն էր: Ինչ-ինչ պատճառով նրան հեռավոր ավիացիայի գնդից հանել էին, և քանի որ բանակից զորացրվել էր, նրա անձնական գործն ուղարկել էի զինկոմիսարիատ՝ ըստ կարգի: Նրան թվացել էր, թե իրեն վատություն եմ արել: Վազգենի հարցումին պատասխանեցի.
-Ես դատախազ չեմ, որ կարճեմ: Ըստ կարգի՝ ուղարկել եմ զինկոմիսարիատ:
Երբ ինչպես հարկն է, բացատրեցի, Վազգենն զգաց, որ իմ կողմից ոչ մի դիտավորություն չի եղել, դեմքի մռայլությունը ցրվեց:
Մի օր էլ փոխնախարար Մ. Աբրահամյանը կանչեց:
-Պետք է գնաս ենթասպաների դպրոց:
Ենթասպաների դպրոցը Ջրվեժում էր: ՈՒսումնասիրեցի վիճակը, նորոգելու, նորացնելու խնդիրներ կային: Ձեռնամուխ եղա այդ աշխատանքներին: Մեկուկես ամիս էր անցել: Շատ շոգ օր էր: Գրեթե կիսամերկ, փայտե նալիկներ հագած 1850 քմ հարթ տանիքն էինք նորոգում, ու հանկած եկավ Վազգենը: Պատկերացնու՞մ եք՝ կիսամերկ, փայտե նալիկներով, ոչ զինվորական տեսքով դիմավորում եմ, զեկուցում՝ ինչ եմ արել: Շատ անհարմար վիճակ էր:
Այդ այցելությունից հետո եկավ Վահան Շիրխանյանն ու ասաց.
-Ես ուրիշ գործով եմ եկել, Միրզոյան: ՈՒզում եմ, որ տեղափոխվեք կադրերի վարչություն:
Անշուշտ, Վազգեն Սարգսյանն էր նրան հանձնարարել: Ասացի.
-Բայց այստեղի գործերը նոր եմ սկսել:
-Մինչև կեսօր կաշխատես, կգաս:
Մի քանի օր անց զանգահարեց, հարցրեց.
-Ինչու՞ քո տեղում չես:
-Իմ տեղում եմ,- ասացի:
Պարզվեց՝ ինձ ՊՆ կադրերի վարչության պետ նշանակելու հրամանն արդեն եղել է: ՈՒ ես վերադարձա իմ նախկին պաշտոնին:
...1997 թ. մարտի 13-ն էր: Առաջին անգամ ՌԴ-ում որակավորման բարձրացման դասընթացների էինք մասնակցում: Շաբաթ օր էր: Դասից հետո վերադարձա աշխատավայր: Վահան Շիրխանյանը, որ կադրերի գծով կուրատոր էր, զանգահարեց, թե.
-Միրզոյան, արի՛, շաբաթն ավելի շուտ եկավ, քան ուրբաթը:
Գնացի: Ասաց, որ նախորդ երկու հրամանատարները չեն արդարացրել իրենց, և նրանց փոխարեն ինձ են առաջադրել բանակային կորպուսի հրամանատար: Վերջում ավելացրեց.
-Դե՛, գնացեք, Ձեր կնոջ հետ խորհրդակցեք:
-Կնոջ որոշելիքը չէ,- նեղվեցի ես,- ԲԿ-ի շտաբից Ձեզ կզեկուցեմ:
Հավանաբար Վազգեն Սարգսյանն սպասում էր մեր խոսակցության ավարտին: Հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ընդունեցի առաջարկը: Շիրխանյանն ասաց՝ համաձայն է: Հետևեց Վազգենի արձագանքը. «Գեներալի կոչում կտանք»: Ասացի.
-Երբ կտեսնեք, որ այդ պաշտոնում արդարացրել եմ ինձ, երկու երիտասարդ սպայի գեներալի կոչում տալուց հետո նոր միայն ինձ կոչում կտաք:
Շատ զարմացան՝ այս մարդուն կոչում ես տալիս, չի ուզում: Տասներեք տարի գնդապետի կոչումով Պանֆիլովյան դիվիզիայի շտաբի պետն եմ եղել, ծառայության գործուղվել Աֆղանստան, ապա Լեհաստանում տեղաբաշխված զորամասում շարունակել ծառայությունս, առաջին իսկ կանչով եկել եմ Հայաստան. որտեղ էլ եղել եմ, ինձ համար կարևորը աշխատանքն է եղել: Ստանձնեցի զորամիավորման հրամանատարությունը, աշխատեցի: 1998 թ. ինձ շնորհվեց գեներալ-մայորի կոչում. ամբողջ բանակում միայն ինձ շնորհվեց այդ կոչումը: Երկու ամիս դաշտային համազգեստով էի, գեներալական համազգեստ չունեի, բայց դա չէր կարևորը: Հոգով, սրտով նվիրվել էի գործին: Մինչև 2000 թ. 3-րդ ԲԿ-ի հրամանատարն էի: Արել եմ, որքան կարողացել եմ, մեծ պատասխանատվությամբ, պարտավորվածությամբ: Լավ, թե վատ եմ ղեկավարել՝ ես չէ, որ պիտի գնահատեմ: Հոկտեմբերի 27-ից հետո առաջարկեցին ղեկավարել ռազմական ինստիտուտը: Անձնակազմի գծով տեղակալս Վահագն Մուղնեցյանն էր: Գրող էր, հետաքրքիր մարդ, բայց որ մի քիչ խմում էր, խենթանում էր:
...Վազգեն Սարգսյանի սպանությունը ցնցեց ինձ: Անչափելի կորուստ էր երկրի, բանակի համար: Սովորական չափանիշներով Վազգենին չես բնորոշի: Քաղաքացիական անձ էր: Ավարտել էր ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, ստեղծագործում էր, գրողների միության անդամ էր, բայց զինվորական գործ չէր անցել: Սակայն ամեն անհրաժեշտ դեպքում շատ արագ կողմնորոշվում էր, տիրապետում իրավիճակին: Նրան համեմատում էի Ստալինի հետ, որը տակտիկա չի իմացել, բայց մեծ ստրատեգ էր: Վազգեն Սարգսյանն էլ տակտիկա չուներ, բայց ստրատեգ էր: Սա իմ կարծիքն է: Վազգեն Սարգսյան ծնվում է 100 տարին մեկ, ծնվում է հայրենիքի համար օրհասական ժամին: Դժվարագույն պահերին դժվար է բոլորին սիրելի լինել: Նժդեհին այսօր աստվածացնում ենք, բայց ժամանակին քննադատել են: Վազգենը շատ զգացմունքային էր, հախուռն, պահի ազդեցությամբ կարող էր բռնկվել, կոպտություն դրսևորել, բայց հանուն բանակի զարգացման, հզորացման ուզում էր ամեն բան խորությամբ ուսումնասիրել, զգալ՝ ինչ է սպա ասվածը: Բանակաշինության գործում սպայի դերը շատ մեծ է: Սպան բանակի ողնաշարն է: Եթե ողնաշարը տեղում է, լավ է: Պատերազմական գործողությունների ժամանակ սպան չպետք է վազի, դա խուճապ է առաջացնում զինվորների շրջանում: Որքան սպան սառնասիրտ է, հավասարակշռված, զինվորն այնքան վստահ է, պատրաստ սխրանքի: Սպայի պատիվ ասվածն այսօր ինչպես հարկն է չի լուսաբանվում: Վազգեն Սարգսյանը հասկացել էր սպայի դերը և որ գնաց վարչապետ, բանակը չթողեց: Բանակը միշտ նրա ուշադրության կենտրոնում էր: Երբ ասացի, որ գրեց՝ վերցնել կադրերի տրամադրության տակ, Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության վարչության պետն էր: Ասել էր. «Միրզոյանին տուր ինձ»: Վազգենը մերժել էր. «Ո՛չ, այսօր պետք չէ, վաղը պետք է լինելու»: Եվ նրանց մեջ լարված խոսակցություն էր եղել:
Իր ծննդյան 50-ամյակն էր նշվում: Եկավ Վազգեն Սարգսյանը և շատ բովանդակալից ելույթ ունեցավ: Սերգեյ Սահակիչը, ով վառ անձնավորություն էր, արժանավոր մարդ, նույնպես ջերմ խոսքեր ասաց: Այդ մարդը՝ գեներալ-լեյտենանտ ՍԵՐԳԵՅ ՍԱՀԱԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, 2-սենյականոց բնակարանում էր ապրում, քնում էր կուշետկայի վրա: Նա գնահատում էր ու շատ էր նվիրված Վազգենին: Նա և Աբրահամյանը հոկտեմբերի 27-ին գնացել, մտել են Ազգային ժողովի դահլիճ, իսկ մեկը, ով ցույց էր տալիս, որ Վազգենի համար պատրաստ է ամեն զոհողության, ասել էր. « Ոտքերս ուռած են, չեմ կարող գալ»:
Սկսեց դարակներում փնտրել ծննդյան 50-ամյակի արարողության տեսաերիզը: Անպայման ուզում է, որ լսեմ այդ օրն իր մասին Վազգենի ելույթը: Չգտավ: Նեղսրտեց՝ երևի չեն տվել իրեն: Երիտասարդ լեյտենանտը, որ օգնում էր աշխատասենյակում եղած թղթերը, իրերը դասավորելուն տոպրակների մեջ, ասաց. «Պարոն գեներալ-լեյտենանտ, ձեր 50-ամյակի տեսաերիզը ես եմ հանձնել ձեզ»: Գեներալը հակադարձեց՝ դու էլ գտիր: Սպան փնտրեց գրասեղանի դարակներում, պահարանների, գրադարակների մեջ, չգտավ: «Լավ,- համակերպվեց գեներալը, ապա դարձավ ինձ,- կգտնի, կուղարկի Ձեզ»: Եվ շարունակեց դարակներում տեղավորել փաստաթղթերի կապուկներն այնպիսի խնամքով, ասես այդ թղթերն իր կյանքի անչափ թանկ վկայագրերն էին: Ես շարունակում էի գրառել՝ չնայած Ավան՝ ՀՀ պաշտպանության նախարարություն ուշացումով հասնելու մտատանջությանս: Գեներալ Միրզոյանն այնուամենայնիվ, թեկուզ ոչ բառացի, մի հատված մեջբերեց իր հոբելյանի առթիվ Վազգեն Սարգսյանի ելույթից: Եվ այն, ինչ ասաց, թերևս նրա պատմության ամենախորհրդանշական մասն էր.
-Տաճարի 40 սյուներից մեկը մտածեց. «Ես որ դուրս գամ՝ ի՜նչ պիտի լինի որ»: Դուրս եկավ, և ոչինչ չեղավ: Այնուհետև ևս մեկ սյուն ասաց նույնն ու դուրս եկավ: Այդպես , կարծելով, որ իրենց դուրս գալով ոչինչ չի փոխվի, հերթով բոլոր սյուները դուրս եկան, ու տաճարը փուլ եկավ...
Արցախյան ազատամարտում թանկ զոհողությունների գնով նվաճված հաղթանակի հետագայի համար մտավախությունից չէի՞ն ծնվել արդյոք Վազգենի այդ խոսքերը, մտավախություն, որ մի օր հանկարծ չկորցնենք մեր սթափությունը, միասնությունը, համերաշխությունը, և այդ պատճառով փլուզվի հազարավոր հայորդիների կյանքերի գնով կայացած հաղթանակի տաճարը: Զինվորը, որ Վազգենի հետ գնաց աշխատելու կառավարությունում, «Եռաբլուր» պանթեոնում հանդիպելիս անհուն ցավ ու տխրությամբ պատմեց, որ զոհվելուց մի քանի օր առաջ վարչապետ Վազգեն Սարգսյանը կանչել է ազատամարտի նվիրյալ տղաներին ու ասել. «Այսօր ինձ 300 մահապարտ է պետք՝ թալանված երկրը ոտքի հանելու, հզորացնելու համար»: Բայց կատարվեց ահավոր ոճիրը, որ ցնցեց անգամ օտարներին ու մարեց Սպարապետի՝ մեզ տված լավատեսության հույսը:
ԳԵՆԵՐԱԼԻ ԽՈՍՔԵՐՈՒՄ ԱՅԴ ՕՐԵՐԻ ՑԱՎԸ ԿԱՐ
-Վազգեն Սարգսյանի մահից հետո Հակոբը գնում, քնում էր նրա գերեզմանի վրա: Շունը ձմռանը չէր գնա, քներ տիրոջ գերեզմանի քով: Ինքը գնում էր: Իսկ Քեռին չգնաց Վազգենի գերեզմանին այցի, չէր ուզում հավատալ....
Հոկտեմբերի 27 չարաբաստիկ օրը ես իմ աշխատասենյակում էի: Վանաձորի կայազորի պետն էի՝ որպես կորպուսի հրամանատար: Երկրորդ օրը պաշտպանության նախարար Հարությունյանից հրաման ստացա՝ մեկ գումարտակ մարտական մեքենաներ բերել պաշտպանության նախարարություն: Գումարտակը հասցրել էի Աշտարակի ճամփին, որ հետդարձի հրաման եղավ: Վերադարձանք ծառայության վայր:
Ժամանակ անցավ: Տեղափոխվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և 7 տարի ղեկավարեցի այն: Իմ՝ ռազմական ինստիտուտի պետ եղած ժամանակամիջոցում 3 000 սպա է կայացել: Այսօր մտահոգություններ ունեմ: Սիրտս ցավում է բանակի համար: Այս վիճակը չէի ուզենա տեսնել: 220 կմ սահման էինք պահում՝ այնպես, որ զինվոր չզոհվի: Մարդ պետք է լավ կամ վատ գործի համար պատասխան տա: Այսօր այն չէ: Վազգենի պակաս կա:
Վերջում գեներալին տվեցի մեկ հարց, որով ավանդույթ դարձած՝ միշտ սկսում եմ իմ հարցազրույցները: Հարցրի ծնողների մասին:
-Հայրս ծնվել է 1914 թ. Նախիջևանում՝ Շահբուլաղի շրջանի Առինջ գյուղում: Նրա աչքի առջև հորը, եղբորը թուրքերը գցել են վառվող թոնիրը: Ինքը մի կերպ փրկվել է: Սիսիանում երկար ժամանակ բատրակություն է արել: Պատահաբար հանդիպել է կորած քույրերին՝ մուրալիս, կուրացած մորը... Հետո հաջողվել էր ավարտել Մոսկվայի բանվորական համալսարանը: Ռուսերեն չխոսեց: Շրջկոմի քարտուղար եղավ, Այնթափի կոլտնտեսության նախագահն էր: Կոմունիստ էր բառիս բուն իմաստով: Երկար, բայց ծանր կյանք ապրեց, լավ օր չտեսավ ու մեռավ որպես կոմունիստ:
Երկու որդի ունեմ: Մեկը Մոսկվայում է, իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոկտորականն է պաշտպանում, մյուսը ստեղծող, կազմակերպչական ջիղով է օժտված: Նրանց ասել եմ. «Շուտ մեռնել, թե ոչ, այդքան կարևոր չէ: Պատվով, թե անպատիվ. դա է էականը: Շուտ մեռնելն ազատում է անպատիվ մեռնելու վտանգից. Այս բառերը կգրեք գերեզմանիս...»:
...Ակնկալում էի, որ ուշիմ լեյտենանտն առաջիկա օրերին անպայման կգտնի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանի 50-ամյակի հոբելյանի տեսաերիզը և կզանգահարի ինձ: Չզանգահարեց: Առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության շենք մտնելիս լսեցի տխուր լուրը՝ մահացել է գեներալ-լեյտեանտ Ստեփան Միրզոյանը: Մեր զրույցից մի քանի օր անց: Հիշեցի նրա խոսքերը. «Շուտ մեռնել, թե ոչ, կարևոր չէ… Պատվով, թե անպատիվ, դա է էականը»:
Ժամանակ անցավ: Ամեն անգամ բացում էի գեներալի հետ զրույցիս սղագրությունը, թերթում ու կրկին դնում պաշտպանության նախարարությունից հիշատակ մնացած կարմիր, հաստ կողերով թղթապանակում: Ծանր զգացողությունը խեղդում էր կոկորդս, արծվի սրընթաց երթով անցան տարիները: Ասես երեկ էր, բայց արդեն 20 տարի է բաժանում մեզ 1999-ի հոկտեմբերի 27-ից: Այս երեկո հոգիս տխուր է, բայց և խաղաղ, որ վերջապես գեներալ-լեյտենատ Ստեփան Միրզոյանի հուշերը սիրելի Վազգենի մասին հանձնեցի ընթերցողին:
Հեղինակի նյութեր
- Ակնաղբյուրն այսօր գերի է
- «Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մըն է»
- «Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մըն է»
- «Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մըն է»
- Շուշի՝ սպիտակ երազ
- Շուշի՝ սպիտակ երազ
- Շուշի՝ սպիտակ երազ
- Շուշի՝ սպիտակ երազ
- «Եթե թշնամին վերսկսի պատերազմը, մենք, անկասկած, պատերազմը կավարտենք ավելի հեռու տարածքներում»
- Եռաբլուրից մինչև Մուշ, Սասուն
- «Եթե ինձ մի վատ բան պատահի, ձեր մասին հոգացողներ կլինեն»
- Շոշի Ագոն
- Դեղնավուն ընդհանուր տետրն անպայման գտնելու և ընթերցողին եմ ներկայացնելու Թագուհի Կարաբաջակյանին
- «Այն մեկ ամիսը, որ Պետրոսը կռվեց իմ կողքին, հավասար էր տասնյակ կյանքերի սխրանքի»
- «Չհասցրեց բացել թևերը»
- «Շուտ մեռնել, թե ոչ, կարևոր չէ, պատվով, թե անպատիվ, դա է էականը»
- «Մեր էության կնքարանը Հայաստանն է»
- Կարոտները կապող-միավորողը վանեցու զավակ Հրանտ Մարգարյանն էր
- «Քաղաքակիրթ աշխարհի մէջ արդարությունը հանգուցյալ է տիրապես»
- «Հրետանին պատերազմի աստվածն է»
Մեկնաբանություններ